Ցանկացած հանրային գործչի թիվ մեկ ռեսուրսը հանրությունն է, որքան մեծ է նրան լսողների քանակը, այնքան մեծ է նրա հեղինակությունը:
Ցանկացած քաղաքական գործչի թիվ մեկ ռեսուրսը ժողովուրդն է, որքան շատ է նա արդարացիորեն բարձրաձայնում ժողովրդի խնդիրները և լուծումներ գտնում դրանց համար, այնքան մեծ է նրա հեղինակությունը:
Ցանկացած մեդիա հարթակի թիվ մեկ ռեսուրսը իր լսարանն է, որքան մեծ է նրա լսարանը, և որքան շատ են տարածվում նրա նյութերը, այնքան մեծ է նրա հեղինակությունը (խոսքս իրական լսարանի մասին է, ոչ թե ֆեյքային):
Ցանկացած բիզնեսմենի թիվ մեկ ռեսուրսը իր ապրանքի սպառողն է, այն է՝ կրկին հանրությունը, որքան մեծ է նրա սպառողների քանակը, որքան որակյալ է նրա ապրանքը, այնքան բարձր է նրա հեղինակությունը (աշխարհում, իհարկե):
Վերը նշված բոլոր գործողների թիվ մեկ ռեսուրսը հեղինակությունն է, և լեգիտիմություն կոչվածը ևս դրա ածանցյալներից է:
Եվ ուրեմն, ի՞նչն է ստիպում ներհայաստանյան գործիչներին շարունակել գործել այս ոսկե կանոնին հակառակ և չշտկել այն սխալները, որոնք օր-օրի նվազեցնում են նրանց հեղինակությունը:
Կարճ պատասխան. նրանց ռեսուրսը հանրությունը չի եղել, այլ՝ իրենց տերերի նյութական կարողությունը, օտար հովանավորությունը, ԽԾԲ-ն ու երկրի ընդերքը: Հանրությունը մշտապես եղել է խաբելու ու շահագործելու «մատերիալ» և երբեք հարգանքի ու հոգատարության չի արժանացել:
Սա է պատճառը, որ այսօր հանրություն-ընդդիմություն, հանրություն-հանրային գործիչ, հանրություն-մեդիա, հանրություն-իշխանություն այնքան են հեռացել իրարից, որ այլևս բոլորը գործում են միայն իրենց կլանային շրջանակներում, իրենց պղպջակում և իրենց հովանավորների համար, բոլորը խոսում են, բայց իրար չեն լսում, առավել ևս, վստահության սանդղակը 0-ից էլ ցածր է:
Մտածեք սրա մասին, երբ հաջորդ անգամ ձեր «բարձունքից» կփորձեք հարձակվել ժողովրդի վրա՝ արդարացնելու ձեր տերերի անարդարացնելի սխալները:
Էլիզա Առաքելյան